Իմ վերլուծությունը սկսվում է այն պնդումից, որ սինոդական համակարգի վերանայման թեզերը, որոնք ներկայացվում են որպես ինքնակառավարման միջոց, իրականում ծառայում են որպես արտաքին ուժերի կողմից խորհրդակցական մարմնի իմիտացիա ապահովելու և անմիջական թելադրանքներ ու վերահսկողություն սահմանելու միջոց։ Այս մոտեցումը Հայ Եկեղեցու պատմությանը հայտնի է և ունի իր ակնհայտ պատմական նախադեպերը։
Հայ Եկեղեցու կառավարման հիմնական սկզբունքը ժողովականությունն է, որը իրականացվում է Ազգային-եկեղեցական ժողովների միջոցով։ Այս և այլ կառույցներ, սակայն, միշտ եղել են և մնում են խորհրդատվական բնույթի։ Կառավարման գերագույն իշխանությունը, որը պատմականորեն ապահովել է կայունություն՝ արտաքին և ներքին սպառնալիքների պայմաններում, վերապահվել է Կաթողիկոսին։
Պատմության ընթացքում, երբ սինոդական համակարգը ներդրվել է Օսմանյան կայսրության կամ ցարական Ռուսաստանի կողմից, այն շատ կարճ ժամանակում խորհրդակցական մարմնից վերածվել է պարտադիր կատարման ենթակա որոշումներ կայացնող և վերահսկող կառույցի։ Այս փաստը հստակ ցույց է տալիս, որ սինոդական համակարգը, ըստ էության, հարմարեցված է արտաքին ազդեցությանը, այլ ոչ թե ինքնակառավարմանը։
Այս համակարգը չունի նաև դավանական կամ աստվածաբանական հիմնավորում։ Գործող կանոնադրական հիմքերը, որոնք հիմնված են Հայ Առաքելական Եկեղեցու պատմական և դավանական ավանդույթների վրա, պարզապես բացառում են սինոդական համակարգի կամ դրա սկզբունքներով մարմինների ձևավորումը։
Այսպիսով, սինոդական համակարգի վերանայման գաղափարը, որը ներկայացվում է որպես ինքնակառավարման միջոց, իրականում կարող է հանգեցնել հակառակ արդյունքի՝ Եկեղեցու անկախության և ինքնուրույնության նկատմամբ արտաքին ազդեցության ավելացման։