Այս օրերին ընդդիմադիրների բնակարանների համատարած խուզարկություններն ու կալանավորումները իշխանությունների կողմից ահռելի վարչական ռեսուրսների կիրառման արդյունք են։ Այս մասին ասաց քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը։
Ըստ նրա՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս գործողություններով փորձում է երկու հարց լուծել։ Նա նենգությամբ «մարդկանց հատակին ծեփելով ու պատերին դեմ տալով» բավարարում է իրեն, միաժամանակ փորձում է ահ ու սարսափ մտցնել հասարակության մեջ և ցույց տալ, որ ոչ մի ձևաչափով չի ընդունելու իր պարտությունը։
«Նա չէր կարող հանգիստ տեսնել, թե երեկ ինչ զանգված էր հավաքվել Հանրապետության հրապարակում, համոզված եմ՝ ինքը հիմա հիստերիայի մեջ է»,- նշեց Համբարյանը՝ անդրադառնալով երեկվա զանգվածային բողոքի ակցիաներին։
Քաղաքագետը նաև հորդորեց ընդդիմադիր ուժերին ունենալ «պլան Բ»՝ հեղափոխություն, քանի որ, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ցույց տալ, որ իր պարտությունը չի ընդունի։
Նա նաև նշեց, որ իշխանությունները կիրառում են բացահայտ մասսայական տեռորի մեթոդներ։ Ըստ նրա՝ պետական հիմնարկներում աշխատող մարդկանց պարտադրում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանին են ընտրել։ Համբարյանը հայտնեց, որ, ըստ աղբյուրների, Գյումրիում տեղակայված զինվորական զորամասերի հրամանատարները զինվորներին պարտադրում են նկարել քվեաթերթիկները և ապացուցել, որ ընտրել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Քաղաքագետը քաղաքացիներին խորհուրդ տվեց չտրվել սադրանքներին, քվեաթերթիկները նկարել, սակայն հետո փոխել ու ընտրել այն ուժին, որին իրենք ցանկանում են աջակցել։ «Հեչ պետք չէ ընդդիմանալ, քանի որ գործ ունես դասական բռնապետի հետ։ Ասեք ՔՊ-ին եք ընտրում, սակայն ձեր ընտրությունը կատարեք»,- եզրափակեց նա։