US President Donald Trump greets Turkey's President Recep Tayyip Erdo?an(L) upon arrival outside the White House in Washington, DC on November 13, 2019. President Donald Trump greeted his Turkish counterpart Recep Tayyip Erdogan at the White House for a high-stakes meeting Wednesday that underlined his claim to be ignoring the impeachment drama unfolding simultaneously in Congress. (Photo by MANDEL NGAN / AFP) (Photo by MANDEL NGAN/AFP via Getty Images)
Արևմուտքի, և հատկապես ԱՄՆ-ի, քաղաքականությունը Հարավային Կովկասում այսօր ունի մեկ հստակ պատկեր՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև ձևավորված չափազանց պրագմատիկ դաշինք, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե սուբյեկտի, այլ օտար շահերի իրացման համար նախատեսված պասիվ տարածքի դեր։ Այս եզրահանգումը հիմնավորվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններով, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները տարածաշրջանում այսօր համընկնում են գրեթե բոլոր հարցերով՝ ռուսական ազդեցության դուրսմղումից մինչև հայ-ադրբեջանական հարցի վերջնական հանգուցալուծում։
Այս «դիվանագիտական սինխրոնը» հաստատվում է ոչ միայն Հաքան Ֆիդանի խոսքերով, այլև Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հրապարակային հայտարարություններով։ Ուիթքոֆը ուղղակիորեն նշել էր, որ ամերիկյան կողմը տարածաշրջանային անվտանգության հարցերով իր գործողությունները համակարգում է թուրքական հետախուզության (MIT) ներկա և նախկին ղեկավարների հետ։ Նման խորը ինտեգրումը հատուկ ծառայությունների և դիվանագիտական գերատեսչությունների միջև վկայում է այն մասին, որ «նոր Կովկասի» ռազմավարությունը գրվում է Անկարայում և կյանքի կոչվում Թուրքիայում և Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարքի միջնորդությամբ։
Հասկանալու համար, թե ինչպես Հայաստանին բերեցին այս հանգրվանին, անհրաժեշտ է հիշել Ջոն Բոլթոնի այցը Երևան 2018 թվականին։ Այդ ժամանակ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բացահայտորեն հորդորեց հայաստանյան ղեկավարությանը «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։ Այսօր ավելի քան ակնհայտ է, որ «կարծրատիպեր» ասելով Բոլթոնը նկատի ուներ ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքն ու Իրանի հետ գործընկերությունը, այլև պատմությամբ և նույնիսկ արդի իրողություններով հիմնավորված անվստահությունը Թուրքիայի հանդեպ։
«Կարծրատիպերից հրաժարումը», ըստ էության, նշանակում էր Հայաստանի անվտանգության ավանդական համակարգի ապամոնտաժում՝ հանուն Թուրքիայի հովանու ներքո ձևավորվող տարածաշրջանային տնտեսական բլոկի մեջ մտնելուն։ Արևմուտքի կողմից պարտադրված «նոր մտածողությունը» հանգեցրեց ոչ թե բարգավաճման, այլ Արցախի կորստի և 2023 թվականի էթնիկ զտումների, որոնք այդպես էլ չարժանացան «ժողովրդավարական աշխարհի» իրական դիմադրությանը։
ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերի սինխրոնիզացիան հատկապես վառ դրսևորվեց Թրամփի՝ Օվալաձև կաբինետ «երկրորդ գալստյան» շրջանում, ով երբեք չի թաքցրել իր հիացմունքը «ուժեղ տղաների» հանդեպ։ Նրա համակրանքը Իլհամ Ալիևի և Բաքվի «վճռականության» հանդեպ լիովին տեղավորվում է թուրքական էքսպանսիայի տրամաբանության մեջ։
Համաձայն Foreign Affairs-ի վերլուծության՝ 2020 թվականին Թուրքիայի աջակցությունը ադրբեջանական հարձակմանը ոչ միայն համերաշխության ակտ էր, այլև ռազմավարական հաշվարկ՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական բլոկի ստեղծմանը։ Այս նախագծի նպատակն է՝ Մոսկվայի և Թեհրանի դիրքերի վերջնական թուլացումը Կովկասում և Անկարայի առևտրային գերիշխանության ամրապնդումը։ Այս սխեմայում հայկական պետությունը դիտարկվում է սոսկ որպես տարանցիկ միջանցք՝ զրկված իրական ինքնիշխանությունից և սեփական սահմանները պաշտպանելու իրավունքից։
Քանի դեռ հայ հասարակությանը մատուցում են հեքիաթներ արևմտյան օգնության և TRIPP նախագծի՝ որպես անվտանգության երաշխավորի մասին, իրականությունը թելադրում է այլ պայմաններ։ Վաշինգտոնը ուղղակի ճնշում է գործադրում Երևանի վրա՝ ստիպելով գնալ խաղաղության Բաքվի և Անկարայի պայմաններով։
Այսպիսով, «խաղաղության» բանաձևը, որն այսօր առաջ է մղվում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակի կողմից, ոչ թե համակեցության խաղաղություն է, այլ Հայաստանին պատմության լուսանցք մղելու գործընթացի վերջնականացում։ «Կարծրատիպերից հրաժարումը» ի վերջո հանգեցրեց մի իրավիճակի, երբ երկրի գոյատևումը կախված է այն խաղացողների կամքից, որոնց նպատակները պաշտոնապես հայտարարված են նույնական նրանց նպատակներին, ովքեր բացահայտորեն Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։