ՀՀ ֆինանսների նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ 2017 թվականին պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 59 տոկոսը, իսկ 2025 թվականին այն կազմում է 49 տոկոս։ Նրա խոսքով՝ թեև պարտքի բացարձակ գումարը աճել է, սակայն դրա «բեռը» նվազել է, ինչը դարձել է սպասարկման համար ավելի հեշտ։
Այս գնահատականին կասկածի տակ առնելով՝ տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը նշել է, որ նման ցուցանիշը կարելի է դրական գնահատել միայն այն դեպքում, եթե պետական պարտքի կառավարումը կայուն և վերահսկելի լինի, իսկ տնտեսության կառուցվածքը՝ ավելի ռիսկային չլինի։
«Մեր տնտեսության ավելի քան 50 տոկոսը կազմում են առևտուրը և ծառայությունները։ Քանի դեռ չունենք բարձր ավելացված արժեք ստեղծող ընկերություններ, պետական պարտքի կառավարումը շատ ռիսկային է՝ անկախ նրանից, թե համախառն ներքին արդյունքի մեջ տոկոսային առումով փոքրացե՞լ է, թե՞ ոչ։ Դա որևէ նշանակություն չունի»,- ասել է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ բյուջեի ծախսերի մոտ 10-11 տոկոսը ուղղվում է պետական պարտքի սպասարկմանը։ Ֆարմանյանը կարևորել է նաև սպասարկման տոկոսադրույքը։ Նրա կարծիքով, եթե պետական պարտքի մասին խոսքը դրական է, ապա դրա օգուտը պետք է շոշափելի լինի հասարակ քաղաքացու համար։
«Հասարակ քաղաքացին պետք է հարցնի՝ ինչու՞ են կենսաթոշակները չի բարձրանում։ Եթե պետական պարտքը չի ուղղվում այնպիսի ոլորտների, որոնք հավելյալ եկամուտ են ստեղծում և մարդկանց կյանքը դեպի լավն են փոխում, այդ թվերը որևէ էական նշանակություն չունեն»,- ընդգծել է նա։
Տնտեսագետը նաև նշել է, որ ՀՆԱ-ի աճի մասին հայտարարությունները հաճախ պարզապես մանիպուլյացիա են։ Նրա խոսքով՝ ծառայությունների ոլորտում գների աճը, որը մտնում է ՀՆԱ-ի մեջ, արհեստականորեն ցուցաբերում է աճ։
«Ես ընդամենը մի բան գիտեմ․ ցանկացած ներդրում, տնտեսական աճ կամ հաջողություն մարդը պետք է զգա իր մաշկի վրա։ Եվ քանի դեռ թոշակառուն կամ մյուս քաղաքացիները դրական փոփոխություն չեն զգացել՝ ինչ թիվ ուզեն, կարող են ասել»,- եզրափակել է Հայկ Ֆարմանյանը։