Հայաստանը դադարեցրել է Ռուսաստանի կողմից իր տարածքում ղարաբաղցիներին աջակցություն ցուցաբերելը, որը կազմակերպվում էր «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով։ Այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Օգնության շրջանակում աջակցություն էր ստացել գրեթե 7 հազար ընտանիք՝ հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր համայնքներում։ Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը երբեք չի թողել առանց օգնության այդ տարածաշրջանի բնակիչներին։
Նա նշեց, որ Մոսկվան առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, թեև արդեն այդ ժամանակ Երևանում ռուսական կողմի աջակցությունից շատ ուրախ չէին։ «Նույնիսկ պաշտոնական հաղորդագրություններով հայտարարվում էր՝ շնորհակալություն, պետք չէ», – նշեց նա։
Այս ընթացքում մատակարարվել է մոտ 140 տոննա բեռ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանքներ և մասնագիտացված մանկական հավաքածուներ։ Ըստ նրա՝ օգնության շնորհիվ մարդիկ և Հայաստանի իշխանություններն ավելի շատ կարող էին կենտրոնանալ բնակարանային, զբաղվածության և սոցիալական վերաինտեգրման խնդիրների վրա։
Զախարովան նաև ընդգծեց, որ այս ընթացքում գնված ապրանքների մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանում, ինչը խթանել է տեղական արտադրությունը և փոքր բիզնեսը։
Նրա խոսքով՝ Երևանի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք չլիներ։ «Քաղաքացիների դիմումների թիվը աճել է, և հաջորդ խմբաքանակի մատակարարումը մերժելու հիմնավորումը՝ «հայկական իրավական նորմերը», ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ», – նշեց նա՝ ընթերցելով Երևանի կողմից տրված պաշտոնական պատասխանը, որը վերաբերում է նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրմանը նախընտրական շրջանում։
Զախարովան ընդգծեց, որ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։
Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115 365 մարդ։