«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման փաստերը, Սուրբ Աստվածամոր տաճարի քանդման մասին հաղորդումները, ինչպես նաև սրբավայրերի, գերեզմանոցների, հուշարձանների և հայկական ինքնության տեսանելի նշանների նկատմամբ արձանագրված վանդալիզմի դեպքերը վկայում են ոչ թե առանձին միջադեպերի, այլ վտանգավոր և հետևողական քաղաքականության մասին։
Այս համատեքստում հատկապես մտահոգիչ է վերջին օրերին ադրբեջանական տեղեկատվական դաշտում ակտիվացած վտանգավոր հռետորաբանությունը՝ ուղղված Արցախի խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի ոչնչացմանը, խեղմանը կամ վերաիմաստավորմանը։ Ստեփանակերտում հայկական ժառանգության ոչնչացման վերջին փաստերն այս վտանգը դարձնում են իրական և հրատապ։
Մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումն ու այդկերպ բնիկ ժողովրդի հետքն իր հայրենիքից մաքրելը պարունակում են ցեղասպանության հանցակազմի հատկանիշներ և պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մշակութային վանդալիզմ, այլև որպես ինքնության, հիշողության և պատմական իրավունքի դեմ ուղղված հանցավոր քաղաքականություն։
Այս հիմնական դրույթի շուրջ կազմված հայտարարության մեջ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը կոչ է անում միջազգային մշակութային, իրավապաշտպան և դիվանագիտական կառույցներին, առաջնահերթորեն՝ UNESCO-ին և ICOMOS-ին, հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության հերթական անդառնալի կորուստը։ Կոչվում է ապահովել անկախ մշտադիտարկում, փաստագրում և միջազգային հասանելիություն՝ Արցախի մշակութային ու հոգևոր ժառանգության ներկա վիճակը գնահատելու համար։
Գործակալությունը նշում է, որ միջազգային հանրության լռությունն ու անգործությունը արդեն իսկ հանգեցրել են ծանրագույն հետևանքների՝ Արցախի հայաթափմանը, օկուպացմանը և հայկական պատմամշակութային ներկայության շարունակական ոչնչացմանը։
Հիշեցնենք, որ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։