Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցը։ Այն հիմնված է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդների դիտարկումների, քաղաքացիների ահազանգերի և առաքելության կողմից հավաքագրված փաստական տվյալների վրա։
Առաքելության աշխատանքներին մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված 368 դիտորդներ, որոնք դիտարկել են ընտրական գործընթացի բոլոր փուլերը՝ նախընտրական շրջանից մինչև քվեարկության օրը, ձայների հաշվարկը և արդյունքների ամփոփումը։
Զեկույցի հիմնական եզրակացությունը այն է, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ և բազմաբնույթ խախտումներով, որոնք կրել են ոչ թե մեկուսացված, այլ համակարգային և կրկնվող բնույթ։ Դիտորդական առաքելությունը հատկապես առանձնացնում է վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը, պետական և քաղաքական գործունեության սահմանների խախտումը, պետական և համայնքային ծառայողների քաղաքական գործընթացներում ներգրավումը, կրթական հաստատությունների քաղաքականացումը, ընտրողների նկատմամբ ճնշման և ուղղորդման դեպքերը, ինչպես նաև ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները։
Նախընտրական ժամանակահատվածում առաքելությունը գրանցել է հարյուրավոր հաղորդումներ, որոնց թվում՝ 154 դեպք ապօրինի քարոզչության, 114 դեպք վարչական ռեսուրսի օգտագործման, 47 դեպք թշնամանքի հրահրման, 27 դեպք իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ճնշման, 26 հաղորդում ընտրակաշառքի, ինչպես նաև ընտրողների նկատմամբ ճնշման, քաղաքական մրցակցության անհավասար պայմանների և դիտորդների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Քվեարկության օրը ստացվել է ավելի քան 500 հաղորդում և ահազանգ։ Դրանցից 128-ը վերաբերել են քվեարկության գործընթացում արձանագրված խախտումներին, 38-ը՝ ընտրատեղամասերում միջադեպերին, 36-ը՝ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներին, 34-ը՝ ապօրինի քարոզչությանը, իսկ 20-ը՝ ընտրողների նկատմամբ ճնշման և վախեցման դեպքերին։
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քվեարկության գաղտնիության խախտումներին, ընտրողների ուղղորդման դեպքերին, ընտրատեղամասերի հարակից տարածքներում քաղաքացիների կուտակումներին, ընտրական հանձնաժողովների գործունեության թերություններին և դիտորդների աշխատանքի խոչընդոտման դեպքերին։
Առաքելության գնահատմամբ՝ արձանագրված խնդիրների ամբողջությունը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների, այդ թվում՝ խորհրդարանական մանդատների բաշխման վրա։ Շուրջ 60 հազար քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման սահմանափակման վերաբերյալ խնդիրներ են արձանագրվել, իսկ երեք ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման հետևանքով շուրջ 3400 քաղաքացիների ձայներ դուրս են մնացել վերջնական հաշվարկից։