«Միասնության թևեր» կուսակցության վարչության անդամ Դավիթ Անանյանը կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում հայտարարեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականության հիմնական ուղղությունը Հայաստանի դերի նվազեցումն ու այն անկախ պետությունից վերածելը վերահսկվող տարածքի է։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմում կորուստը, Արցախի կորուստը և անվտանգության համակարգի խոցելիության բացահայտումը հարցեր են առաջացնում՝ կարելի՞ է փրկել պետությունը, և եթե այո, ապա ինչ ճանապարհով։
Անանյանը նշեց, որ Իրան-Իսրայել և Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ բնույթի է, որը փոփոխում է էներգետիկ հոսքերի, կապի և կապիտալի բաշխումը։ «Այս ամենի արդյունքում տարածաշրջանը դառնում է մրցակցության, ճնշման և վերահսկողության կենտրոն»,- հավելեց նա։
Քաղաքական գործիչը նաև ընդգծեց, որ «մեր անմիջական հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բարեկամական կամ նույնիսկ չեզոք քաղաքականություն չեն վարում»։ Նրա կարծիքով՝ նրանց «միջանցքային» գաղափարները ուղղված են Հայաստանի դերը նվազեցնելուն և ձևավորելու մի նոր համակարգ, որտեղ անկախ որոշումները կսահմանափակվեն, իսկ Հայաստանը կդիտարկվի ոչ թե որպես անկախ սուբյեկտ, այլ որպես վերահսկվող տարածք։
Անանյանը նկատեց, որ Վրաստանով անցնող ճանապարհի առանձնահատկությունների պատճառով Հայաստանի տնտեսության համար պարբերաբար ֆորսմաժորային իրավիճակներ են առաջանում։ Նրա խոսքով՝ տնտեսությունը կախված է արտաքին մատակարարումներից, իսկ իշխանությունների կողմից ներկայացվող տնտեսական աճի թիվները չեն դառնում համակարգված և կայուն աճի հնարավորություն։